Մերձմոսկվայի Ռամենսսկի շրջանում հայտնաբերել է կործանված «Ան-148» ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը,  «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կործանման վայրում գործող օպերատիվ շտաբի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ինքնաթիռի ինքնագիր սարքը գտնվում է «նորմալ վիճակում»:

Սարատովի, Օրենբուրգի եւ Լենինգրադյան շրջանների իշխանությունները զոհերի ընտանիքներին մեկական միլիոն ռուբլի կվճարեն: Մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը եւս հայտարարել է, որ Մոսկվայի իշխանությունները կօգնեն վթարի հետեւանքով զոհված մոսկվացիների հարազատներին:

Որոնաղափրկարարական օպերացիան ավարտվել է գիշերը: Այժմ վթարի տարածքն ուսումնասիրում են 9 անօդաչու սարքերը: Եւս մի քանի օր տեղում կաշխատեն հետախույզներն ու փորձագետները:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերության «Ան-148» ուղեւորատար ինքնաթիռը կործանվել էր կիրակի օրը Մերձմոսկվայի Ռամենսկի շրջանում: «Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ օդանավի անձնակազմի հետ կապը ընդհատվել էր «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները մահացել են: Ինքնաթիռի երկրորդ օդաչուն Սերգեյ Ղամբարյանն էր: