Նախքան կոալիցիա կազմելը տարաձայնություն գոյություն ուներ, որը մենք բազմիցս հայտարարել ենք՝ դեռեւս չլինելով կոալիցիայի անդամ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ընտրական օրենսգրքում տարածքային ընտրակարգի շուրջ ՀՀԿ-ի հետ ունեցած տարաձայնությունների մասին։

«Տուրք տալով կարեւոր խնդրին, որ ունենանք համախոհություն Ընտրական օրենսգիրք ունենալու հարցում, մենք գնացել ենք դրան: Այո, այն կարգը, որն առաջարկվում է ռեյտինգայինի հետ կապված, շեղում է համամասնական ընտրակարգի դասական պատկերացումներից: Այս խնդիրը գոյություն ուներ մինչև կոալիցիայի ձևավորումը, հարցը օրակարգից չենք հանել, անկախ նրանից՝ գիտեինք, որ ՀՀԿ-ը դեմ էր, սակայն շարունակելու ենք մեր մոտեցումն այդ ուղղությամբ պաշտպանել: Չենք կարող չտեսնելու տալ այդ հանգամանքը, որ ընտրական գործընթացները հանգեցնեն նրան, որ ավելի շատ ձայն ստացողը չստանա մանդատ, իսկ վելի քիչ ստացողը՝ ստանա: Հիմա կարող եք վերցնել թվերը եւ տեսնել, որ հենց այդպես էլ եղավ»,-ընդգծեց Ռուստամյանը:

«Մենք այս հարցը երբեք մեր օրակարգից չենք հանել։ Անկախ նրանից, որ գիտեինք՝ Հանրապետական կուսակցությունը դրան դեմ էր, մենք շարունակում ենք մեր մտահոգություններն արտահայտել այդ ուղղությամբ: Մենք չենք կարող չտեսնելու տալ այդ հանգամանքը: Հնարավոր չի լինելու այս հարցը երկար ժամանակ շրջանցել», - նշեց նա։

Հարցին, թե այս հարցում ՀՀԿ-ի հետ ունեցած տարաձայնությունը չի կարող կոալիցիոն հուշագիրը չեղարկելու պատճառ դառնալ, Ռուստամյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ռեյտինգային ընտրակարգը նախապայման չի եղել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի համար. «Բանակցությունների փուլում սեպարատ հայտարարություններ են լինում, բայց այս փուլում ձեռնպահ եմ, թե ինչու է ՀՀԿ-ը պաշտպանում ռեյտինգային ընտրակարգը»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր առաջարկ էլ կարող է միանգամից չընդունվել, բայց խորը և հիմնավորված պայքարը ի վերջո հասնում է իր արդյունքին: