Ակնհայտ է, որ հրադադարի պահպանման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները Ադրբեջանին են հասցեագրված: Այս մասին փետրվարի 12-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Այդպես, նրա խոսքով, ադրբեջանական կողմն անում է ամեն հնարավոր բան ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վարկաբեկման համար, եւ համանախագահները դա շատ լավ հասկանում են:

«Մենք վերջապես պետք է ներդնենք հրադադարի ռեժիմի վերահսկման այդ մեխանիզմները եւ տեխնիկական միջոցները: Սակայն ադրբեջանական կողմը դրանում հետաքրքրված չէ»,- նշեց Բաղդասարյանը:

Միեւնույն ժամանակ, խմբակցության ղեկավարի խոսքով, հայկական կողմը բազմիցս պահանջել է կոնկրետ նշել հակամարտության գոտում այս կամ այն միջադեպի մեղավոր կողմին, սակայն Մինսկի խմբի համանախագահները փորձում են խուսափել դրանից, ինչը, ըստ Բաղդասարյանի, նպաստում է հակամարտության սրման:

Բացի այդ, ինչպես նշեց Բաղդասարյանը, հայկական կողմը պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի  միջազգային հանրությունը Բաքվի գործողություններին կոնկրետ եւ հստակ գնահատական տա: