Բոլորը գիտեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները հասցեագրված են Ադրբեջանին, սակայն համանախագահները խուսափում են Բաքվի գործողություններին որեւէ կոնկրետ բնութագիր եւ գնահատականներ տալ: Նման կարծիք փետրվարի 12-ին ՀՀ խորհրդարանում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ այդպիսով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները որոշ չափով անհասցե են մնում, թեեւ շատերի համար ակնհայտ է, որ հայկական կողմը շահագրգռված չէ շփման գծում իրավիճակի սրմամբ:

«Ես պարզապես չեմ կարող պատկերացնել, թե ինչ սադրիչ գործողություններ կարող են լինել հայկական կողմից: Այն սադրանքները, որոնք տեղի են ունենում շփման գծում, տրամաբանորեն մեր շահերից չեն բխում»,- բացատրեց Փաշինյանը:

Ընդ որում, ինչպես նշեց խմբակցության ղեկավարը, հայկական կողմերը շահագրգռված են միայն այս հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Այն, որ Վիեննայի համաձայնագրերից հետո շփման գծում հետագա խախտումների կանխման մեխանիզմներն այդպես էլ չեն ներդրվել, խայտառակ փաստ է առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համար, քանի որ դա պետք է շատ ավելի շուտ արվեր, կարծում է նա:

Փաշինյանը նշեց, որ այդ հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են այդ մեխանիզմների իրականացմանն անցնելու իրենց պատրաստակամությունը, ինչը, ըստ նրա, համապատասխանում է երկու կողմերի շահերին, սակայն Ադրբեջանն ինչ-ինչ պատճառներով փորձում է խուսափել այդ համաձայնագրերի կատարումից, եւ դա նրան դեռեւս հաջողվում է: