Հայաստանի եւ Բուլղարիայի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի հարցերը: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ կողմերը վերահաստատել են հարաբերություններն ամրապնդելու եւ  հարաբերությունների զարգացմանը նոր խթան հաղորդելու նպատակով լրացուցիչ ջանքեր գործադրելու փոխադարձ մտադրությունները: Այս մասին է վկայում փաստաթղթերի ստորագրումը, որոնք կհամալրեն ավելի քան 50 փաստաթղթերից բաղկացած բազան:

Շնորհավորելով Բուլղարիային ԵՄ-ում նախագահության կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Բուլղարիան Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկն է: Կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ի անդամ եւ Եվրամիության հետ համաձայնագրի մասնակից տնտեսական հնարավորությունների ընդլայնումը:

Բուլղարիայի նախագահի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրվել է չորս փաստաթուղթ.

Համաձայնագիր կառավարությունների միջեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության վերաբերյալ,

Համաձայնագիրը Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ աշխատանքային միգրացիայի կարգավորման վերաբերյալ,

Համաձայնագիր տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության ոլորտում համագործակցության վերաբերյալ,

Համաձայնագիր 2018-20 թվականներին երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ համագործակցության վերաբերյալ: