Վարչապետները չեն նշանակվում որեւէ մեկի խնդրանքով: Նման կարծիք այսօր ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնեց Հայաստանի իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ կառաջադրվի արդյոք Հայաստանի գործող նախագահը վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ից, թե՞ նա նախըտրում է, որպեսզի իրեն խնդրեն այդ մասին:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ում որոշակի տրամադրություններ կան ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրման հետ կապված:

«Իհարկե, մենք այդ հարցը չենք քննարկել: Եթե քննարկում տեղի ունենա, ապա յուրաքանչյուր ոք, ով ՀՀԿ անդամ է, հատկապես՝ գործադիր մարմինների, պարտավոր է ենթարկվել կուսակցության որոշմանը»,- ասաց Բաղդասարյանը:

Ընդ որում, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը շեշտեց, որ երբ որոշում կայացվի, նրանք անպայման կքննարկեն այդ հարցը՝ հավելելով, որ այս փուլում Սարգսյանի թեկնածությունը միայն իշխող կուսակցության անդամների ցանկությունն է:

Միեւնույն ժամանակ, Բաղդասարյանը նշեց, որ մինչեւ ապրիլ քիչ ժամանակ է մնացել, եւ խորհուրդ տվեց շտապել, քանի որ բոլորն իրենց ժամանակին կարծիքներ կարտահայտեն եւ արդյունքում ՀՀԿ-ն վերջնական որոշում կկայացնի այս հարցի վերաբերյալ: