Հայաստանում շփոթում են «գյուղացի» եւ «ֆերմեր» հասկացությունները, եւ վերջինը պետք է հստակ սահմանվի: Փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ֆերմերական շարժում» հասարակական կազմակերւպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Նրա խոսքով՝ չնայած մասնագետների եւ տարբեր քաղաքական ուժերի քննադատությանը, իշխանությունները փորձեցին իրականացնել համայնքների խոշորացման ծրագիրը, քանի որ չցանկացան ձեռքից բաց թողնել ֆինանսավորումը, որը միջազգային դոնորները այս նպատակի համար հատկացնում էին:

«Իշխանություններն ասում են, որ ուսումնասիրել են միջազգային փորձը, սակայն հաշվի չեն առել այն փաստը, որ Եվրոպայում գյուղական տեղանքներում անհնար է հանդիպել մեզ համար սովորական տեսքով գյուղերի: Ի հակադրություն մեր փոշոտ եւ քայքայված գյուղերի՝ եվրոպական գյուղական վայրերում կազմակերպված են փոքր, քաղաքակիրթ համայնքներ՝ բարեկարգված ճանապարհներով եւ շենքերով»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:

Նրա կարծիքով՝ Եվրոպայում, որի հետ հայկական իշխանություններն այդքան ցանկանում են համեմատվել, չկան «գյուղացիներ», այլ կան «ֆերմերներ», հավասարապես հայ գյուղաբնակները նման չեն եվրոպաբնակներին:

ՀԿ ղեկավարը հիշեցրեց, որ ներկայումս Հայաստանում կա 197 փոքր գյուղ՝ մինչեւ 300 մարդ բնակչությամբ: Խոշորացման արդյունքում յուրաքանչյուր համայնք պետք է ունենա մինչեւ 3 հազար բնակիչ:

«Այս գյուղերը ճանապարհների, կոյուղու եւ այլ ենթակառուցվածքների խնդիրներ ունեն, վարչական ապարատների եւ կադրերի վրա ստիպված լրացուցիչ ծախսեր են անելու, սակայն խոշորացմամբ գյուղերի խնդիրները չեն լուծվում»,- նշեց նա:

Սարգիս Սեդրակյանը նշեց, որ կառավարությունը գյուղատնտեսական հատվածը առաջնահերթություն է ընտրել, սակայն գյուղերի զարգացման համար միայն խոսքը բավական չէ, անհրաժեշտ է գյուղերը զարգացնելու իրական ցանկություն ունենալ: «Միջազգային դոնորների կողմից այս նպատակի համար հատկացված ֆինանսավորումը պետք է ուղղել հենց գյուղերի զարգացմանը, իսկ հիմա անհասկանալի է, թե այդ գումարն ուր է գնում, նաեւ անհրաժեշտ է ծրագրին ներգրավել համապատասխան մասնագետների՝ ես նկատի ունեմ նախարարների եւ նրանց տեղակալների մակարդակով»,- ամփոփեց ՀԿ նախագահը: