Սիրիայում էսկալացիայից հետո Եվրամիությունը Իսրայելին եւ Իրանին, ինչպես նաեւ նրանց դաշնակիցներին ու միջազգային խաղացողներին զսպվածության կոչ է արել: Այս մասին երկուշաբթի Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ նշել է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք անհանգստությամբ ենք հետեւում Սիրիայի իրավիճակին, որը բերել է Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածության աճի: Մենք 2 կողմերին, ինչպես նաեւ նրանց դաշնակիցներին ու միջազգային խաղացողներին զսպվածության կոչ ենք անում»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ այս երկրում բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն երկարաժամկետ խաղաղության հասնելուն:

Ինչպես պնդում են իսրայելցի զինվորականները, շաբաթ օրը իրենց ուղղաթիռը խոցել է Սիրիայից Իսրայելի օդային տարածք ներխուժած իրանական անօդաչուն: Ի պատասխան Իսրայելի ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական օբյեկտներին՝ ոչնչացնելով անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը:

Անմիջապես դրան հաջորդել է Սիրիայի ՀՕՊ կողմից մի քանի զենիթային հրթիռների արձակումը իսրայելական F-16 կործանիչի վրա, օդանավը ոչնչացվել է, օդաչուները կատապուլտվել, որոնցից մեկը ծանր վիրավորվել է, մյուսը թեթեւ վնասվածքներ է ստացել: Այնուհետեւ իսրայելական օդանավերը հարվածել են Սիրիայում 12 դիրքերի, այդ թվում՝ 8 սիրիական, որոնց թվում է եղել ՀՕՊ 3 մարտկոց, ինչպես նաեւ հարվածներ են հասցրել իրանական 4 ռազմական թիրախների: