40 տարի առաջ մենք կարողացանք բողոքելով անկախություն հռչակել մեր երկրում. Այն օրվանից, երբ ազատությունն ու անկախությունը մուտք գործեցին մեր երկիր, մենք թույլ չտվեցինք որեւէ երկրի կամ ուժի՝ ոտնձգություն կատարել մեր երկրի նկատմամբ, եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատեցինք մեր հարեւան պետությունների հետ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, Երեւանի պետհամալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Նրա խոսքով, Արեւմուտքի եւ Արեւելքի բազմաթիվ երկրներ ձեռք ձեռքի էին տվել, որ կարողանան իրենց հաղթանակած հեղափոխությունը տապալել. «8 տարի պարտադրված պատերազմ ստեղծեցին մեզ համար, մեր հազարավոր եղբայրներն ու քույրերը նահատակվեցին այդ պատերազմի ընթացքում։ Դրանից հետո արդեն սկսեցին պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, եւ կարելի է ասել՝ մենք ոչ մի հնարավորություն դրսից չէինք ստանում»,-ընդգծեց դեսպանը:

Անդրադառնալով Իրանում դեկտեմբերին եւ հունվարի սկզբին տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներին, Սեյեդ Քազեմ Սաջադին ասաց, որ յուրաքանչյուր երկրում էլ խնդիրներ կան, հատկապես Իրանում, որը քառասուն տարի անարդար վերաբերմունքի է արժանացել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակից երկրների կողմից. «Այն երկրները, որոնք ցանկանում են գերտերությունների կարգավիճակով հարաբերություններ ստեղծել, չեն կարող հաջողության հասնել: Քառասուն տարի առաջ՝ մինչեւ իսլամական հեղափոխությունը, ԱՄՆ-ն ներկա է եղել Իրանում, սակայն նրա կողմից կառուցողական քայլեր չենք տեսել: Նրա միակ նպատակն այն էր, որ Իրանի հնարավորությունները դուրս մղվեին»:

Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ դեսպանը նշեց. «Այն ժամանակ մենք քաջ գիտակցում էինք պատերազմի հետեւանքները, եւ ձեռնարկեցինք քայլեր, որպեսզի խաղաղություն պահպանվի Հայաստանում։ Դրանից հետո աղետալի երկրաշարժը տեղի ունեցավ Հայաստանում։ Այդ ժամանակ դարձյալ մենք ձեր կողքին էինք։ Այսօր այս խաղաղ կյանքը, իսկապես, շատ դժվարությամբ ենք ձեռք բերել։ Մենք պետք է լինենք մեր երկրների բարձրաստիճան ղեկավարների կողքին եւ աշխատենք պահպանել այս անվտանգությունն ու խաղաղ վիճակը։ Մենք միշտ եղել ենք եւ լինելու ենք խաղաղության կողմնակից, մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները բոլոր հարեւան երկրների հետ: Այլ պետություններին թույլ չենք տա ոտնձգություններ կատարել մեր հանդեպ եւ խարխլել այդ հարաբերությունները»: