2017թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով կամ 1520 դեպքով (2016թ.` 18.764, 2017թ` 20.284)։ Այդ մասին նշվում է ոստիկանության հաշվետվության մեջ։

Աճը հիմնականում պայմանավորված է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվի աճով, ինչը հանցագործությունների հայտնաբերման եւ հաշվառման աշխատանքների բարելավման արդյունք է:

Միեւնույն ժամանակ, 34-ով կամ 17,2%-ով նվազել է առանձնապես ծանր (198-164) եւ 352-ով կամ 11,4%-ով ծանր հանցագործությունների (3.081-2.729) թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է սպանությունների, սպանության փորձերի եւ բնակարանային գողությունների թվի նվազման հետ:

Առանձին ուղղություններով, հիմնականում նվազել են սպանության (66-49), սպանության փորձի (36-23), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1.149-1.113), այդ թվում` ծանր (200-194), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (118-102), այդ թվում, ավազակության (53-46), կողոպուտի (255-183), բնակարանային գողության (1250-889) եւ տրանսպորտային միջոց փախցնելու (49-44) դեպքերը:

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման պարագայում (65-52), աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը՝ 129-ով կամ 17,7%-ով (729-858):