Բուլղար ժողովրդի գիտակցության մեջ հայը բնորոշվում է իր ազատասիրությամբ, պայքարով եւ մարդասիրությամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում ինտերակտիվ լսարանի բացման արարողության ժամանակ հայտարարեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը:

Նախագահը նաեւ հավելեց, որ այն դրական պատկերացումները, որ բուլղար ժողովուրդը ունի հայերի նկատմամբ մեծապես կապված է բուլղարացի եւ հայ բանաստեղծ Պեյո Յավորովի հետ: «Յավրովը բորբոքեց այն կայծը, որը հետագայում միավորեց երկու ժողովուրդներին»,-նշեց նախագահը:

Նախագահն ընդգծելով, որ այս տարի լրանում է Յավորովի 140-ամյակը, ուրախություն հայտնեց, որ ինքը հենց այդ հոբելյանի շրջանակներոում հնարավորություն ունեցավ լինել Յավորովի անվան դպրոցում եւ դպրոցին նվիրել Պետրո Յավրովի մասին հրատարակված գիրքը, ինչպես նաեւ Բուլղարիայի ֆինանսավորման շնորհիվ դպրոցին նվիրել ինտերակտիվ դասարան:

Դպրոցի տնօրեն Սուսաննա Դավթյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով նախագահին նրան պարգեւատրեց «Կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալով: «Սովորելով այս դպրոցում՝ դպրոցի սաները սովորում են երախտապարտ լինել բոլոր նրանց ովքեր դժվարին պահին հայ ժողովրդի կողքին են եղել»,-նշեց տնօրենը:

Ինտերակտիվ լսարանի բացմանը ներկա էին նաեւ քաղաաքապետ Տարոն Մարգարյանը, Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգյանը եւ այլ պատվավոր հյուրեր:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am