Իրանն առայժմ Հայաստանին ավելի էժան գազ չի առաջարկել, քան ռուսականն է: Այս մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ մեկնաբանելով Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի այն հայտարարությունը, որ Իրանը գազամատակարարումների բանակցություններ է վարում եւ «հարմար գներ» առաջարկում:

Փոխնախարարը նշեց, որ գնային կոնկրետ առաջարկներ ստացել են, սակայն հրաժարվեց հրապարակել, թե իրանցիները հատկապես ինչ գներ են առաջարկում: «Առայժմ բանակցություններ են վարվում: Երբ մեզ ավելի կոնկրետ գին առաջարկվի, այդ հարցը կքննենք: Դեսպանն ինչու է նման հայտարարություն արել, իրեն հարցրեք, ես նրա հայտարարությունները չեմ մեկնաբանի»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Հայաստան իրանական գազի մատակարարումների հարցը մշտապես օրակարգում է: «Իրանը շահագրգռված է գազի արտահանման մեծացմամբ, Հայաստանը շահագրգռված է ավելի մատչելի գնով գազի ձեռքբերմամբ: Բանակցությունների ընթացքում մենք բազմիցս նրանց ասել ենք, որ այլընտրանքային մատակարարումների կարիք ունենք, սակայն իրանցիները մինչեւ հիմա մեզ ավելի ցածր գներ չեն առաջարկել»,- շեշտեց նախարարը:

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջանին փետրվարի 12-ին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում իրանագիտության լսարանի բացման արարողության ժամանակ լրագրողներին ասել էր, որ Իրանը պատրաստ է Երեւանին գազ վաճառել հարմար գներով: