Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի՝ փետրվարի 12-ին հայտարարած անժամկետ հացադուլին այսօր՝ փետրվարի 13-ին, արձագանքել են նաեւ ուսանողները, մասնավորապես, առկա բաժնի երեք կուրսեր ի պաշտպանություն Հ.Խորիկյանի եւ սեփական իրավունքների դասադուլ են հայտարարել: Այս մասին հայտնել է Շիրակի համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը:

Բացի այդ, համալսարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին անդրադարձել է համալսարանի գիտխորհուրդը՝ կոչ անելով Պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանին դադարեցնել հացադուլը:

Գիտխորհրդի տարածած հայտարարությունում ասվում է.

«Վերջին շրջանում Շիրակի պետական համալսարանին վերաբերող անհիմն շահարկումները ցավալիորեն դարձել են համապետական քննարկման խնդիրներ:

Համալսարանի գիտական խորհուրդը, առաջնորդվելով մտավորականներին հարիր ողջախոհությամբ, հինգ ամիսների ընթացքում կուտակված լռությունը փարատելով եւ հաշվի առնելով բուհում պարբերաբար կատարվող անակնկալ ստուգումները, անթաքույց հայտարարում է, որ մենք մեր համակազմով լծված ենք իրավաչափ ու բնականոն աշխատանքի:

Վեր մնալով սադրանքներից՝ բուհի գիտական խորհուրդը հայտարարում է, որ համալսարանն այսօր գնում է զարգացման ճանապարհով եւ այս հարցերով մտահոգ ցանկացած մեկին հրավիրում՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին:

Կո՛չ Շիրապի պետհամալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի ԺՊ Հովհաննես Խորիկյանին.

պարո՛ն Խորիկյան, հորդորում ենք դադարեցնել հացադուլը եւ անցնել բնականոն աշխատանքի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի պետական համալսարանի Պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը հացադուլ է հայտարարել:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել էր. «Ի պատասխան Սահակ Մինասյանի (բուհի ռեկտորն է-խմբ) կամայականությունների՝ հայտարարում եմ անժամկետ հացադուլ:

ՀՀ նախագահին եւ վարչապետին ուղղված 2017 թվականի սեպտեմբերի 25-ի մեր բաց նամակից հետո ռեկտոր Սահակ Մինասյանը շարունակում է իր ինքնագործունեությունը` բուհը հասցնելով կատարյալ աղետի: Որոշ չինովնիկների եւ օրենսդիրների մինասյանապաշտպան գործունեությունը ցույց տվեց, որ Հանրապետության նախագահին հասցվող տեղեկատվությունը մեզ թվում է` միակողմանիորեն ուղղված է Մինասյանի շահերի պաշտպանությանը, այսինքն` նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվում է, մեղմ ասած, ոչ լիարժեք տեղեկատվություն, ինչը նախագահին թույլ չի տալիս ըստ էության ամբողջական գնահատել այն արհավիրքները, որոնք կատարեց Մինասյանը համալսարանում:

Փետրվարի 5-ին «Սոցիալական գիտությունների եւ իրավունքի ֆակուլտետ»-ի խորհրդում ես եւ Գագիկ Համբարյանը, ՇՊՀ կանոնադրությունը ձեռքերիս, ցույց տվեցինք, որ դեկանների եւ վարիչների ընտրությունները պետք է կատարվեն ֆակուլտետների խորհուրդներում, սակայն իրեն օրենքից վեր համարող ռեկտորն առաջնորդվում է սեփական կապրիզներով եւ անձնական մղումներով` նշված ընտրությունները կամայականորեն տեղափոխելով գիտական խորհուրդ:

Ի պատասխան ռեկտոր Մինասյանի` համալսարանի կանոնադրությունն արհամարհելու ակնհայտ որոշման` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` հայտարարում եմ անժամկետ հացադուլ: Հարկավ, ինձ քիչ թե շատ ճանաչողները շատ լավ հասկանում են, որ նման քայլը ոչ թե հուսահատության հետեւանք է, այլ բողոք, ինչի նպատակը հասարակության եւ պատկան մարմիների արձագանքն է Շիրակի պետական համալսարանում հերթական անգամ կատարվող անօրինականությանը:

Կոչ-պահանջս ուղղում եմ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին: Պարոն նախարար, կասեցրե´ք փետրվարի 12-ին համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետների դեկանների եւ ամբիոնների վարիչների ընտրությունը, ինչը հակասում է համալսարանի կանոնադրության պահանջներին, այդ ընտրությունները պետք է իրականացնեն ֆակուլտետների խորհուրդները: Ռեկտորին շահավետ, ցանկալի տարբերակով ընտրություններ իրականացնելը միանշանակ անօրինական է»: