Ներկայիս նախագահի եւ ապագա վարչապետի լիազորությունները համեմատելիս ակնհայտ է դառնում, որ դրանք շատ տարբեր չեն: Նման կարծիք փետրվարի 13-ին «Անվերահսկելի կառավարություն» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Տարբերությունը, նրա կարծիքով, միայն այն է, որ ապագա վարչապետի իշխանությունը չի տարածվի դատական համակարգի վրա: «Վարչապետը, ի տարբերություն նախագահի, այլեւս չի կարողանա նշանակել կամ ազատել դատավորներին իրենց պարտականություններից»,- նշեց Սաքունցը:

Ընդ որում, ինչպես նշուց ՀԿ-ի ղեկավարը, հանրապետությունում ուժային կառույցները, ինչպիսիք են բանակը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը, կենթարկվեն ոչ թե խորհրդարանին կամ նախագահին, ինչպես դա պետք է լինի խորհրդարանական կառավարման համակարգում, այլ՝ վարչապետին, ինչը կրկին հանգեցնում է հանրապետության իշխանության կենտրոնացմանը մեկ անձի ձեռքերում:

Խնդիրը, ըստ իրավապաշտպանի, նրանում է, որ խորհրդարանը, որն ընտրում է վարչապետին եւ նախագահին, իրականում վերջիններիս գործողությունների վրա ազդելու եւ դրանք վերահսկելու մեխանիզմներ չի ունենա:  Հիշեցնենք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները վերջնականապես ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ին: