Արցախի դեպքում եվրոպական կառույցների՝ հակամարտությունից հեռու մնալու որոշակի ձգտումը շատ պայմանական բնույթ է կրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով եվրոպական կառույցների՝ հակամարտություններից հեռու մնալու վերաբերյալ հարցին:

«Արցախի դեպքում, ինչի մասին Դուք խոսում եք, այդ սահմանափակումները շատ պայմանական են: Որքան էլ որ Ադրբեջանը չցանկանա, վերջին տարիներին մենք խորհրդարանական կառույցների հետ հարաբերությունների ակտիվացում ենք տեսնում, տեսնում ենք տարբեր տարիների Ղարաբաղ այցելած առանձին պատգամավորների աշխատանքը. եւ՛ այդ կառույցները, եւ՛ այդ մարդիկ սահմանափակումներ չեն ընդունում: Մենք ցանկանում ենք ամրապնդել եւ բազմապատկել այդ ռեսուրսը»,- ասաց Աշոտ Ղուլյանը:

Ընդ որում, նա հիշեցրեց, որ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Արցախը ժողովրդավարական, բաց պետություն է, որը սահմանափակումներ չի դնում օտարերկրացիների այցելությունների հարցում: «Սա այն առաջարկությունն է, որը մենք անում ենք միջազգային կազմակերպություններին եւ խորհրդարաններին: Խնդիրն այն է, որ աշխարհում այնքան շատ հակամարտություններ եւ խնդիրներ կան, որ Ղարաբաղյան թեման օրակարգում առաջին տեղը չի զբաղեցնում: Արցախի նկատմամբ հետաքրքրությունը պետք է դառնա մեր աշխատանքի արդյունքը: Եվ մենք ունենք նման հնարավորություն՝ Հայաստանի խորհրդարանի, դիվանագիտության, սփյուռքի օգնությամբ»,- ասաց Աշոտ Ղուլյանը: