Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 13-ին հյուրընկալել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են հարկային ոլորտին առնչվող հարցեր:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գործընկերներն ուշադրություն են դարձրել հարկային եկամուտների ապահովման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, անդրադարձել են բիզնեսի հարկային կարգապահության բարձրացմանը նպաստող քայլերին և փոխանակվել ձեռք բերված փորձով: Կողմերը դիտարկել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց հարկային ոլորտի բարեփոխման հեռանկարները և դրան նպաստող գործոնները:

Վարդան Հարությունյանը Արցախի Հանրապետության գործընկերոջն է ներկայացրել հարկային գործընթացներն էլեկտրոնային համակարգերով կազմակերպելու բնագավառում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի փորձը: Գրիգորի Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել ՊԵԿ նախագահին նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում: Կողմերը երկուստեք կարևորել են աշխատանքային հանդիպումները՝ հատկապես համագործակցության ուղիներ նախանշելու գործում և հետագա գործակցության պատրաստակամություն հայտնել: