Այսօր՝ փետրվարի 13-ին, Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված՝ Ստեփանակերտում կազմակերպվել է տոնական երթ եւ հանրահավաք:

«Արցախպրես»-ի փոխանցնամբ՝ երթի մասնակիցները պաստառներով, դրոշներով, կոչերով, «Միացում» վանկարկելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով շարժվել են դեպի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ էլ կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

Հանրահավաքին օրհնության խոսք է հղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են Ղարաբաղյան շարժման մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր:

Հանրահավաքին Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ ասելով, որ 1988 թվականը բեկումնային է եղել հայ ժողովրդի պատմության մեջ:

Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, Արցախի հերոս Ժաննա Գալստյանը վերհիշելով 1988 թվականի հանրահավաքը, ասել է. «Այն ժամանակ մենք ճնշված էինք: 1988-ին մեզանից յուրաքանչյուրը դուրս է եկել հրապարակ մի պարզ նպատակով՝ շրջել հայոց պատմության վերջին 100-ամյակի շեղված անիվը: Դուրս էր եկել գիտակցելով, որ ինքը հզոր կայսրության պատժիչ մեքենայի անիվների տակ կարող էր մնալ: Իսկ այսօր, բարեբախտաբար, մեզ պաշտպանում է հայոց հզոր բանակը»:

Միաջոցառման ընթացքում, տեսակապի միջոցով ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձներն են հղել նաեւ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Եվրոխորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու մշակութային հայտնի գործիչներ:

Վերջում հնչել են ազգային երգեր, պարեղանակներ՝ Վերածննդի հրապարակը վերածելով ազգային մեծ տոնախմբության հարթակի:

Հանրահավաքին ներկա էին ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Արցախյան շարժման առաջամարտիկներ եւ նրանց գործն այսօր շարունակող երիտասարդներ, հյուրեր եւ այլք: