Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող ազդել եւ փոխել իրավիճակը երկրում։ Փետրվարի 13-ին՝ «Անվերահսկելի կառավարություն» քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։ 

Նրա խոսքով՝ Սարգսյանը բավականին արժանի նախագահի թեկնածու է եւ տպավորիչ ճանապարհ է անցել. «Նա լիբերալ է, անցել է բավականին տպավորիչ ճանապարհ։ Նա հրաշալի գիտնական է եւ մարդ, բայց նա չի կարող հանդես գալ այս համակարգի եւ մասնավորապես, Սերժ Սարգսյանի դեմ»,-նշեց լիբերալ ընդդիմադիրը։

Մանուկյանը հավաստիացրեց, որ չնայած սրան, Արմեն Սարգսյանը իսկապես ցանկանում է հասնել երկրում ցանկալի փոփոխությունների, սակայն այդպիսի նպատակներ ուներ նաեւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը իր պաշտոնավարման սկզբում․ «Նա չի կարող հաղթել։ Նրանք գիշատիչներ են։ Նրանք կամ կոտրում են մարդուն կամ ստիպում խաղալ իրենց կանոններով», -ընդգծեց նա։

Բացի այդ, Արամ Մանուկյանը շեշտեց, որ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցը։ Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհի գնահատականով՝ Սարգսյանը լավ է իրազեկված խնդրի բնույթի մասին, բայց նրան չի հաջողվի դրան լուծում տալ, քանի որ չունի համապատասխան մեխանիզմներն ու լծակները․ «Այս հարցի լուծումը զգալիորեն կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կոնսեսուսից։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Սամվել Աբրահամյանը հանդիպել են հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի հավանական թեկնածու Արմեն Սարգսյանի հետ՝ վերջինիս խնդրանքով։