Հայկական ատոմակայանի հզորությունն արդիականացումից հետո կավելանա 10 տոկոսով։ Այս մասին փոտրվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Միաժամանակ հաստատված հզորությունը կավելանա 40-50 ՄՎտ-ով։

Փոխնախարարի խոսքով՝ 2017 թվականին մեծածավալ աշխատանք է իրականացվել ատոմակայանի համալրման եւ վերակառուցման ծրագրի շրջանակներում։ Նրա փոխանցմամբ՝ 2018 թվականի ապրիլին ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի երկրորդ էնեգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվող հնգամսյա պլանային նախազգուշական վերանորոգման համար, իսկ 300 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ներդրումային ծրագրի 170 մլն դոլարը կուղղվի անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Հարությունյանը նաեւ հայտնեց, որ զուգահեռ քննարկվում է նոր ատոմային բլոկի կառուցման նախագիծը։ Կառավարությունը դիտարկում է 50 ՄՎտ հզորությամբ փոքր մոդուլային բլոկների կառուցման տարբերակը։

Պատասխանելով ատոմակայանի անհուսալիության պատճառով դրա շուտափույթ փակման ԵՄ պահանջի մասին հարցին՝ Հայկ Հարությունյանը նկատեց, որ կայանը չի կարող աշխատել հավերժ․ «Անվտանգության ապահովման հարցով զբաղվոըժւմ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը(ՄԱԳԱՏԵ), որը պարբերաբար հետազոտություն է իրականացնում եւ խորհրրդատվություն տրամադրում», -շեշտեց նա։

Փոխնախարարը հավելեց նաեւ, որ 2015 թվականին ատոմակայանի անվտանգության բարձրացման գործում ներդրվել է ընդհանուր արժողությամբ 150 մլն դոլար՝ այն դեպքում, երբ Եվրոպայում նմանատիպ բլոկների շահագործումը երկարաձգվում է ոչ թե 10, այլ 30 տարով։

Ավելի վաղ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրք Լորենցը նշել էր, որ հնարավորինս շուտ պետք է փակվի Հայաստանի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին։

Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվարին Մոսկվայում ստորագրված ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանը 270 մլն վարիկ եւ 30 մլն դրամաշնորհ տվեց Հայաստանին:

Ավելին «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» մեջ կա ատոմակայանի մասին դրույթ, որով Հայաստանը պետք է մշակի ճանապարհային քարտեղ Ատոմակայանի շահագործումից հանելու համար։