Հարավաֆրիկյան հանրապետության իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության գլխավոր քարտուղար Էյս Մահաշուլեն երեքշաբթի՝ հատուկ ճեպազրույցի ժամանակ հաստատել է կուսակցության գործադիր կոմիտեի որոշումը` նախագահ Ջեյկոբ Զուման իր պաշտոնից ազատելու մասին: Նրա խոսքով՝ կուսակցության ղեկավարության եւ նախագահի միջեւ բանակցությունները շարունակվում են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նրան ժամանակ կտանք պատասխանի համար, բայց վերջնաժամկեըներ չենք սահմանի»,-նշել է նա՝ հավատացնելով, որ վաղը նախագահը պատասխանելու է։

Գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ արմատական տնտեսական փոխակերպման քաղաքականությունը, որով նախատեսվում է տնտեսական ռեսուրսների վերաբաշխում ի շահ սեւամորթ մեծամասնության, կշարունակվի նաեւ Զումայի հեռանալուց հետո։