ԱՄՆ-ն ԵՄ-ին նախազգուշացնում է իր խորը ռազմական համագործակցությունը որպես պատրվակ չօգտագործել Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության պաշտպանության համար՝ հայտարարելով, որ դա կարող է վնասել ՆԱՏՕ-ին, փոխանցում է AP-ն: ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն չի ցանկանում, որպեսզի դա (համագործակցությունը) պրոտեկցիոնիստական միջոց լինի ԵՄ-ի համար»:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «ուշադիր հետեւելու է դրան, քանի որ եթե դա տեղի ունենա, ապա կհանգեցնի դաշինքի պառակտմանը»:

ԵՄ ղեկավարները, որոնցից 22-ը ՆԱՏՕ-ի անդամ են, անցյալ տարի համաձայնել էին համատեղ ռազմական տեխնիկա մշակել կամ գնել: Վաշինգտոնն այժմ մտահոգված է, որ ամերիկյան ընկերությունները կարող են դուրս մնալ այդ առևտրի գործընթացից: «Մենք ցանկանում ենք, որպեսզի եվրոպացիներն իրենց կարողություններն ու ուժերը ունենան, սակայն նրանք չպետք է բացառեն ամերիկյան կամ նորվեգական արտադրանքը»,- ասել է Քեյ Բեյլի Հաթչիսոնը: