Չկիսելով Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության այսօրվա ակցիայի ձեւը՝ գտնում եմ, որ այն ինչ արեցին Հանրապետական խմբակցության անդմաները կանանց նկատմամբ, բացարձակ անընդունելի է: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու նիստում հանրապետականների եւ «Երկիր ծիրանիի» միջեւ տեղի ունեցած միջադեպին:

«Այն, որ Նուբարաշենում կա լրջագույն խնդիր, փաստ է, անհնար է այդ թաղամասի կողքով անցնելը եւ բնակիչներն իրավունք ունեն այլեւս այդ իրավիճակը չհանդուրժել: Այո, քաղաքապետարանն այս խնդրին պետք է լուծում տար շատ վաղուց, այլ հարց է, թե որքանով է ճիշտ այն ճանապարհը, որն ընտրել են «Երկիր Ծիրանիի» իմ գործընկերները: ՀՀԿ-ական տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ կիրառված բռնությունն անընդունելի է, այն տղամարդը, որը  փորձում է  կնոջ վրա ուժ գործադրելով կայանալ՝ ամենաթույլ տղամարդն է: Էն տղամարդը, որը կփորձի իր վերադասին ցույց տալ, որ կարող է պաշտպանել Զարուհի Փոստանջյանից եւ այն մյուս կնոջից, ինձ համար անընդունելի է»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը: