Թունիսի պատգամավորը խորհրդարանական նստաշրջանում պատռել է Իսրայելի դրոշը `փորձելով առաջ տանել Իսրայելի հետ հարաբերությունները քրեականացնող օրինագծի պահանջները, հաղորդում է AP-ն:

Ձախ ընդդիմադիր կոալիցիան առաջարկել է օրինագիծ, ըստ որի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը հանցագործություն է: Սակայն քննարկումները անորոշ ժամանակով հետաձգվել էին:

Ընդդիմադիր պատգամավոր Ամար Ամրուսիան, հետաձգման դեմ բողոքելով, պատռել էր Իսրայելի դրոշը:

Իշխանական կոալիցիայի մաս կազմող չափավոր իսլամիստական «Էննախդխա» կուսակցությունը զգուշացրել է, որ նման օրենքը կարող է վնաս պատճառել արեւմտյան երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ Թունիսի հարաբերություններին: