ՌԴ Պաշտպանության նախարարությունն իր աշխատակիցների եւ զինծառայողների համար համացանցում վարքագծի վերաբերյալ հանձնարարականներ է տարածել:

Սպաներին եւ զինվորներին խորհուրդ են տալիս հրաժարվել  «Օդնոկլասնիկի», «ՎԿոնտակտե», Facebook եւ այլ սոցցանցերից, ինչպես նաեւ չհրապարակել  իրենց ծառայության եւ զորամասի մասին տեղեկատվություն եւ հեռախոսներում գեոլակոցիան անջատել: Համացանցում վարքի կանոնները դեռ խորհրդի բնույթ ունեն, բայց նախարարությունն արդեն օրենքներում փոփոխություններ է պատրաստում, որոնք դրանք պարտադիր կդարձնեն, հաղորդում է «Իզվեստիան»:

Զինվորականներին հիշեցնում են, որ սոցցանցերում հրապարակումները արտասահմանյան հատուկ ծառայությունների միջոցով վերլուծության են ենթարկվում, իսկ տեղանքի հետ կապ ունեցող նկարները եւ տեսանյութերը կարող են մարտական խնդրի ձախողմանը հանգեցնել:

Սոցցանցերից օգտվող զինվորականներին խորհուրդ են տալիս իրենց էջեը հնարավորինս փակ դարձնել, ընկերների ցանկում չավելացնել անծանոթ մարդկանց եւ հարազատներին խնդրել իրենց ծառայողական գործունեության մասին համացանցում տեղեկություններ չտարածել: