Երեւանի ավագանու այսօրվա նիստում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջրով լի տարան ձեռքին մոտեցել են քաղաքապետին. կեղտաջուրը Նուբարաշեն վարչական շրջանից էին բերել: Բանն այն է, որ նուբարաշենցիները երկար ժամանակ է՝ բողոքում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղուց տարածվող գարշահոտությունից: Երեկ նույնիսկ փակել էին ՔԿՀ տանող ճանապարհը՝ պահանջելով նորոգել կոյուղագիծը: Տարոն Մարգարյանը ավագանու կուսակից անդամներից մեկին հրահանգել է թույլ չտալ իրեն մոտենալ:

Ավագանու անդամ Սուրեն Ներսիսյանն ու քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գեւորգյանը փորձել են կանգնեցնել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, այդ պահին էլ տարայի պարունակությունը գետնին է թափվել: Ավագանու հանրապետական անդամները սկսել են հրել Խաչատրյանին՝ փորձելով նրան դուրս բերել նիստերի դահլիճից: Այստեղ կրքերն ավելի են թեժացել. հրմշտոցի ընթացքում Մարինա Խաչատրյանին հարվածել է հանրապետական Էդմոնդ Կիրակոսյանը,  իսկ հետո նրան մազերից քաշելով փորձել են դուրս տանել: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը Կիրակոսյանին մեղադրել է իր նկատմամբ սեռական բռնության փորձի մեջ:

Խաչատրյանին դահլիճից «հաջողվել է» դուրս բերել քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանին: Դերասանը «գրկել» է ավագանու անդամին, դուրս բերել դահլիճից եւ կոպտորեն շպրտել: Վարդանյանը, սակայն, չի կարծում, որ բռնի ուժ է կիրառել Խաչատրյանի նկատմամբ, իսկ իր պահվածքը ճիշտ է համարում: Իրարանցման գլխավոր գործող անձանցից Սերգեյ Մկրտչյանը, ի դեպ, հերքում է Մարինա Խաչատրյանին հարվածելու մասին պնդումները: Պարզաբանումը «երկաթե տրամաբանություն» շարքից է. «Ես չեմ տեսել»: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, որ տարայի պարունակությունը ոչ մեկի վրա թափել չէր պատրաստվում. պարզապես նվեր էր ուզում փոխանցել Տարոն Մարգարյանին:

Տեւական ընդմիջման ընթացքում կրքերը փոքր-ինչ հանդարտվել են: Վերսկսված նիստն ընթացել է բուժաշխատողների եւ անվտանգության աշխատակիցների ներկայությամբ: Ամբիոնին մոտեցած Զարուհի Փոստանջյանը հանրապետականներին, այդ թվում՝ Տարոն Մարգարյանին մեղադրել է կնոջ վրա հարձակվելու մեջ եւ հավելել, որ Նուբարաշենի գարշահոտությունն այսուհետ միշտ ուղեկցելու է իշխանությանը:

«Երկիր Ծիրանի»-ն հանցագործության մասին հաղորդում է տվել իրավապահներին եւ Մարդու իրավունքների պաշտպանին: Զարուհի Փոստանջյանը դիմումում անուններ է նշել եւ պահանջել քրեական գործ հարուցել: Երեւանի քաղաքապետարանն էլ իր հերթին կատարվածի համար մեղադրել է «Երկիր Ծիրանի»-ի անդամներին: Ի դեպ՝ անունների մասին: Իրարանցման մասնակիցներից Վասպուրակ Մարտիրոսյանը, պարզվում է, քրեական անցյալ ունի: Մամուլի տեղեկություններով՝ նա նույնիսկ որոշ ժամանակ կալանավորված է եղել, բայց ի վերջո կարողացել է ազատվել քրեական պատասխանատվությունից:

Իսկ արդեն երեկոյան մի խումբ քաղաքացիներ քաղաքապետարանի մոտ ակցիա են նախաձեռնել՝ բողոքելով «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամի նկատմամբ կիրառված բռնության դեմ: Այստեղ նույնպես իրարանցումից խուսափել չի հաջողվել: Ակցիայի մասնակիցները «Բռնապետարան» վանկարկելով քաղաքապետարանի շենք են ներխուժել: Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին ուժով դուրս են հանել քաղաքապետարանի շենքից: Վերջիններն էլ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառողներին պատասխանատվության ենթարկելու կոչ են արել եւ հեռացել:

Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել. պատճառը վառելիքի պակասն է: Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը, սակայն, հերքում է լուրը. վարչության տեղեկացմամբ՝ որեւէ օդանավ վերալիցքավորման պատճառով հարկադիր վայրէջք չի կատարել: Ռուսական աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ օդանավի անձնակազմը Pan-Pan ազդանշան է ուղարկել. սա նշանակում է վթարային իրավիճակ, որի դեպքում անհապաղ օգնություն չի պահանջվում: Լիցքավորումից հետո օդանավը թռիչքը բարեհաջող ավարտել է Մոսկվայում: Չի նշվում, սակայն, թե ո՞ր օդանավակայանում է ինքնաթիռը չնախատեսված վայրէջք կատարել: Հավելենք, որ փետրվարի 9-ին էլ Մինվոդիում հարկադիր վայրէջք էր կատարել Երեւանից Մոսկվա ուղեւորվող մեկ այլ օդանավ: Պաշտոնական տեղեկություններով՝ ուղեւորուհիներից մեկի ինքնազգացողությունն անսպասելի վատացել է, նա բուժօգնության կարիք է ունեցել:

Նուբարաշենի հոգեբուժարանի հիվանդներից մեկն ինքնասպան է եղել: Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերն անց: Իրավապահները պարզել են, որ ինքնասպանություն գործած կինը Արմավիրի Արագած գյուղի 49-ամյա բնակչուհի Կարինե Հարությունյանն է: Նա ինքնասպան է եղել հիվանդասենյակում. գլխաշորով կախվել է ջեռուցման համակարգի խողովակից: 2016 թվականին նա մորը սպանելու համար դատապարտվել էր եւ հարկադիր բուժման ուղարկվել:

Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 13-ին տոնում է Տեառնընդառաջը. այն հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Տեառնընդառաջը եկեղեցին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր անց, իսկ տոնի նախօրեին կատարվում է նախատոնակ: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, օրհնվում են աշխարհի չորս ծագերը, իսկ եկեղեցու կանթեղներից վերցված կրակով խարույկներ են վառվում՝ իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տեառնընդառաջի տոնին Հայ առաքելական եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում, իսկ հետո նորապսակների օրհնության կարգ է կատարվում:

Հարավային Կորեայում շարունակվող Օլիմպիական խաղերում այսօր մրցելույթն է սկսել Հայաստանի թիմը: 18-ամյա Միքայել Միքայելյանի մեկնարկը, սակայն, հաջող չի եղել. նա դահուկավազքի սպրինտում չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը: Դահուկորդը գրավել է 72-րդ տեղն ու լքել պայքարը: Նույն մրցաձեւում կանանց պայքարին պետք է մասնակցեր նաեւ Կատյա Գալստյանը, սակայն նրա անունը մասնակիցների ցանկում չի եղել: Փհենչհան-2018-ում Միքայել Միքայելյանը փետրվարի 16-ին հանդես կգա նաեւ 15 կմ ազատ ոճում, իսկ Կատյա Գալստյանը փետրվարի 15-ին ուժերը կփորձի 10 կմ ազատ ոճում: Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ Աշոտ Կարապետյանը, հանդես կգա լեռնադահուկային սպորտում՝ փետրվարի 18-ին եւ 22-ին:

Միաժամանակ, 23-րդ ձմեռային Օլիմպիադայում դոփինգի օգտագործման առաջին դեպքն է բացահայտվել. ճապոնացի Կեյ Սայտոյի դոփինգ թեստի արդյունքը դրական է եղել, եւ մարզիկը զրկվել է շորթ-տրեկի մրցաշարին մասնակցելու իրավունքից: 21-ամյա մարզիկն արդեն հեռացել է օլիմպիական ավանից: Հիշեցնենք նաեւ, որ Փհենչհան-2018-ում վիճարկվում է մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ:

Դոլարը շարունակում է արժեզրկվել, իսկ եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով: Փետրվարի 13-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 593, ռուբլունը՝ 8 դրամ 34 լումա, ֆունտինը՝ 669 դրամ:

Փետրվարի 14-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը գիշերը ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն: