Դանիայի թագուհի Մագրեթ 2-րդի ամուսին արքահազն Հենրիկը մահացել է 84 տարեկանում, հայտնում է թագավորական պալատի կայքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ նա մահացել է քնած ժամանակ, ընտանիքը եղել է նրա կողքին:

Ավելի վաղ պալատի մամուլի ծառայությունը հայտնել էր արքայազնի առողջական վիճակի վատթարացման մասին:

Արքայազն Հենրիկը հունվարի 28-ին հոսպիտալացվել է թոքային վիրաբուժության բաժանմունքում ձախ թոքում ուռուցքը հետազոտելու համար: Այն բարորակ էր, փետրվարի սկզբին թագավորական պալատից հայտնել են, որ նրան այլ բաժանմունք կտեղափոխեն բուժումը շարունակելու համար: 2017-ի աշնանը նաեւ հայտնի էր դարձել, որ արքայազն Հենրիկը դեմենցիայով է տառապում: Նա 2016-ից թոշակ է ստանում:

2017-ի օգոստոսի սկզբին արքայազնը իր վրա ուշադրություն գրավեց անսովոր հայտարարությամբ, մասնավորապես ասել էր, թե չի ցանկանում, որ իրեն թաղեն կնոջ կողքին Ռոսքիլի տաճարում, ինչպես ծրագրվել էր ավելի վաղ: Դանիայում գաղտնիք չէ, որ արքայազն Հենրիկը միշտ դժգոհ է եղել իր տիտղոսից, որը նրան կնոջ հետ անհավասար վիճակում էր դնում:

Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդը (ծնվել է 1940 թվականին) ամուսնուն հանդիպել է 1960-ական թվականների կեսին Լոնդոնում: 1965 թվականին նա սովորում էր Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում, եւ զույգն առաջին անգամ հանդիպել է ընդհանուր ընկերախմբի հետ ճաշկերույթում: Սակայն այդ ժամանակ ֆրանսիացին Մարգրեթի վրա առանձնահատուկ տպավորություն չէր գործել: 1966 թվականի գարնանը նրանք կրկին հանդիպել են Շոտլանդիայում մի հարսանիքի ժամանակ, եւ այնտեղ, ըստ իր՝ թագուհու պատմածի, ինքը հասկացել է, որ սիրահարվել է: 1967 թվականի ամռանը զույգն ամուսնացել է: Նրանք 2 որդի ունեն՝ Ֆրեդերիկը (1968) եւ Յոհակիմը (1969), ինչպես նաեւ 8 թոռ: