Արցախյան շարժման 30 տարին լավ առիթ է կրկին Արցախ այցելելու եւ տեղում այն տոնելու համար. հուսով եմ, շուտով կկարողանամ կրկին այցելել: Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում փետրվարի 13-ին կայացած հանրահավաքի ժամանակ, տեսակապով շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, հաղորդում է «Արցախպրեսը»:

«2011 թվականին էր, երբ առաջին անգամ այցելեցի Լեռնային Ղարաբաղ, եւ դա ինձ համար իսկական բացահայտում դարձավ: Առաջին հերթին ես ծանոթացա մարդկանց, հնարավորություն ունեցա տեսնել հրաշալի բնապատկերներ, հին հուշարձաններ, ճանաչել պատմությունը, որ, ցավոք, մոռացության է մատնվել միջազգային հարթակներում: Կուզենայի ասել, որ ձեզ հետ ենք, քանզի արդար պայքար եք մղում, մարդկային արժանապատվության պայքար: Այդ պատճառով է, որ Ֆրանսիայի ԱԺ-ում, Սենատում եւ այլ կառույցներում մենք պայքարում ենք, որ ձեզ ճանաչեն, որ ազատ ապրեք, ժողովրդավարական մի երկրում, որ ձեր երկիրը կարողանա զարգանալ»,- ավելացրել է Վալերի Բուայեն: