Ախալքալաքի յուրաքանչյուր փողոցում եւ անկյունում հանդիպում ենք թեքված էլեկտրասյուների. բարվոք վիճակում չեն ոչ միայն էլեկտրական հաղորդալարերի սյուները, այլեւ փողոցները լուսավորող էլեկտրասյուները, հաղորդում է Jnews.ge-ն: 

Ախալքալաքի բնակիչները դժգոհություն են հայտնում ծռված էլեկտրասյուների համար, նշելով, որ վախենում են անցնել սյուների տակով։ Jnews.ge-ի լրագրողները շրջել են քաղաքով եւ ծանոթացել իրավիճակին։ Տաքսու վարորդներից մեկը ասաց, որ 10-15 օր առաջ նախկին համար մեկ զինվորական ավանի մոտ գտնվող սյուներից մեկը թեքվել է մեքենայի հարվածից, վթարից մինչ հիմա այն չի վերականգնվել։

Կվերանորոգվեն թե ոչ փողոցները լուսավորող էլեկտասյուները, փորձեցինք տեղեկանալ շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանից։

«Մենք ունենք նոր կոմունալ ծառայություն՝ Ախալքալաքի սերվիս կենտրոն, որի տնօրենն է Արմեն Բիչախչյանը եւ արդեն երեկվանից սկսել ենք զբաղվել այդ հարցով, անպայման կուղղվեն բոլոր սյուները, կփոխվի յուրաքանչյուր էլեկտրական սյան լամպ։ Աշխատանքները կշարունակվեն մինչեւ բոլորը վերջնական կփոխվեն», – ասաց Ալբերտ Նահատակյանը։

Իսկ էլեկտրականություն հաղորդող սյուների վերանորոգում ու կարգավորում Energo Pro Georgia էներգաբաշխիչ ընկերությունը դեռ չի նախատեսնում:

«Մենք Ախալքալաքում ունենք ծառայություն, եթե սյունը մի քիչ է թեքվել եւ վնաս չի հասցնում շրջակա միջավայրին, այն փոփոխման ենթակա չէ, սակայն եթե թեքվածությունը շատ է, ապա մեր մասնագետը տեղում կգնահատի սյան վիճակը, եթե ամրացման է ենթակա կամրացնենք, եթե ոչ, ուրեմն կփոխենք», – ասաց ընկերության հասարակության հետ կապերի բաժնի աշխատակից Ավտո Դվալիշվիլին։

Ախալքալաքցիների վախը սյուների տակով անցնելիս կիսով չափ կթեթեւանա, բայց չի անհետանա։