Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով հերթական դատական նիստն այսօր՝ փետրվարի 14-ին, հետաձգվեց:

Նախագահող դատավոր Դավիթ Բալայանի գրասենյակ պաշտպաններից դիմում էին ներկայացրել, որ գործադուլ են անում, հետեւաբար այսօրվա նիստին չեն մասնակցելու: Հիշեցնենք, որ ի սկզբանե Փաստաբանների պալատը հայտարարել էր, որ փետրվարի 14-ին, 15-ին եւ 16-ին գործադուլ են անելու՝ ընդդեմ փաստաբաններին 100 հազար դրամով տուգանելու մասին օրենքի, սակայն, ավելի ուշ չեղյալ էին հայտարարել իրենց գործադուլը: Պարզվում է, սակայն, որ կան փաստաբաններ, որոնք այնուամենայնիվ այսօր գործադուլ են անում:

Նշենք, որ այսօրվա նիստին մեղադրողը պետք է ներկայացներ Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործից անջատված մասով նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը: Նման միջնորդություն ներկայացրել էր ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, դատավոր Դավիթ Բալայանն էլ բավարարել էր այն՝ պատճառաբանելով, որ այն կարող է էական նշանակություն ունենալ դատարանում քննվող սույն գործի համար: Այս եզրակացության հրապարակումից հետո ամենայն հավանականությամբ դատաքննության ավարտ կհայտարարվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծննդկան Մերի Մարգարյանը մահացել է 2015թ.-ի հուլիսի 29-ին, երկու օր անց էլ նորածին աղջիկն էր մահացել: Գործով կա 2 մեղադրյալ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Բախշյանը հղիությունը հսկած բժշկուհին է, իսկ Բաբելյանն էլ հուլիսի 25-ին հերթապահը: