Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը պատմել է, որ իսլամական գիտնականների մեծ խումբը Չեչնիայի մուֆթի Սալահ Հաջի Մեժիեւի հետ ուսումնասիրել է՝ արդյոք կրիպտոարժույթը հալալ է թե հարամ: Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում, հաղորդում է ՌԲԿ-ն:

Քադիրովը պարզաբանել է, որ քննարկման ժամանակ ի գիտություն է ընդունվել այն փաստը, որ Եգիպտոսի եւ Պաղեստինի մուֆթիյաթները եկել են այն եզրահանգման, որ կրիպտոարժույթը իսլամի նորմերին չի համապատասխանում:

Քննարկումների մասնակիցները, ըստ Քադիրովի, որոշել են, որ առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե ինչպես է կրիպտոարժույթի շրջանառությունն ազդելու երկրի տնտեսական իրավիճակի վրա,  շահավետ է դա պետության համար, թե ոչ: «Միայն բացասական պատասխանի դեպքում մենք կարող ենք շարիաթով որոշում կայացնել այն մասին, որ այն արգելում է օգտագործել», - ասել է Քադիրովը: