Իմ կարծիքով ֆուտբոլի Աշխարհի առաջնության հիմնական ֆավորիտները Բրազիլիան, Գերմանիան ու Արգենտինան են։ Այդ մասին NEWS.am-i թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց «Այաքսի», «Բարսելոնայի», «Լիվերպուլի» նախկին աստղ Յարի Լիտմանենը։

Ամեն տարի ավանդույթի համաձայն, ես Ձեզնից հարցազրույց եմ վերցնում։ 2018-ը Աշխարհի առաջնության տարին է։ Այն անցնելու է առանց Իտալիայի ու Հոլանդիայի։

Տարօրինակ է, իհարկե, աշխարհի առաջնությունը առանց Իտալիայի։ Նրանք Բրազիլիայի եւ Գերմանիայի հետ աշխարհի առաջնության պատմության ամենահավակնորդ թիմերից են։ Այն, որ Հոլանդիան չկա, ինձ համար անձնապես շատ տխուր փաստ է։ Աշխարհի վերջին երկու  առաջնություններին նրանք շատ լավ հանդես եկան։ Բրազիլիան, Գերմանիան ու Արգենտիան այս տարի հիմնական ֆավորիտներն են։

Ձեր կարծիքով նրանցից ո՞րը կդառնա չեմպիոն։

Դժվարանում եմ ասել։ Նաեւ Իսպանիային կավելացնեմ այս ցուցակին, չնայած նախորդ ԱԱ-ն տապալեցին։

Դուք մասնակցում էիք Ազգերի լիգայի վիճակահանությանը։ Ի՞նչ կասեք այս նոր մրցաշարի մասին։

Սա նորարարություն է ու հատկապես լավ հնարավորություն D լիգայում հայտնված հավաքականների համար։ Որքան նկատում եմ՝ բոլորին դուր է գալիս այս մտահղացումը։

Մեր վերջին զրույցը մեկ տարի առաջ էր։ Ի՞նչ է փոխվել Ձեր կարիերայում այս ընթացքում։

Շատ բան չի փոխվել։ Ես համագործակցում եմ Ֆինդլադիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, մեկնաբանում եմ ֆուտբոլային հանդիպումներ ֆիննական հեռուստատեսությամբ, մասնակցում եմ վետերանների խաղերին։ Հիմա շատ ենք լինում Ասիայում, որտեղ խաղեր են կազմակերպվում։ Նոյեմբերին «Լիվերպուլի» նախկին աստղերի հետ էինք մեկնել այնտեղ։ Պատրաստվում եմ Աշխարհի առաջնության խաղերը մեկնաբանել։

Անգլիական ֆուտբոլի գիտակ եք։ Ինչպե՞ս կգնահատեք Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Արսենալ»։

Նա լավ ֆուտբոլիստ է։ Ցավալի է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» քիչ խաղային ժամանակ էր ստանում։ Հուսամ՝ նա իրեն կդրսեւորի «Արսենալում»։ Ես նրան շատ էի  հավանում Դորտմունդում։

Վերա Մարտիրոսյան