Հայաստանում նախագահական կառավարման համակարգը փաստորեն միապետություն էր: Փետրվարի 20-ին «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ըստ նրա՝ իշխող ուժը նախագահական կառավարման համակարգի ժամանակ ամեն կերպ չարաշահել է իր իշխանությունը: Ինքը՝ Իշխանյանը, միշտ կողմ է եղել խորհրդարանական համակարգին, որը, ըստ նրա, ավելի լիբերալ եւ արդյունավետ է համարում: «Սակայն հարց է ծագում՝ արդյո՞ք մենք անցել ենք նոր խորհրդարանական կառավարման համակարգին,թե՞, ըստ էության, մնացել ենք նույն տեղում»,- ասաց իրավապաշտպանը:

Նա նաեւ կասկած հայտնեց առ այն, որ խորհրդարանական համակարգին անցնելու մասին որոշումը պայմանավորված էր ամբողջ քաղաքական համակարգի ազատականացման եւ իշխանության համամասնական բաժանման ցանկությամբ, որն անպայման պետք է իրականացվի այս կամ այն պետության՝ այս համակարգին անցնելու ընթացքում: Ինչպես նշեց ՀԿ-ի ղեկավարը, Հայաստանում գործնականում քաղաքական համակարգը գրեթե չի փոխվել, քանի որ իշխանությունը շարունակում է մնալ մեկ կուսակցության եւ անձի ձեռքում, ինչպես դա եղել էր կառավարման նախագահական համակարգի ժամանակ:

Հիշեցնենք, որ, 2015 թվականի Սահմանադրության բարեփոխումների համաձայն, Հայաստանը 2018 թվականի ապրիլի 9-ին վերջապես կանցնի խորհրդարանական կառավարման համակարգին, որի դեպքում իշխանությունը կկենտրոնանա խորհրդարանի կողմից նշանակված վարչապետի ձեռքում: