«Սասնա ծռերի» անդամ  Արայիկ Խանդոյանի մայրը՝ Ռիմա Խանդոյանը, նույնիսկ հիմա, երբ 2 որդիներն անազատության մեջ են, չի կոտրվում։ Ասում է՝ հպարտ է, որ Արայիկի եւ Արարատի նման որդիներ է դաստիարակել եւ նույիսկ անազատության մեջ իր որդիները շարունակում են իրենց պայքարը։

«Ես երբեք չեմ նեղվել իմ որդիների արարքներից, միշտ աջակցել եմ իմ տղաների գործողություններին։ Արայիկս դեռ 16 տարեկան չկար, արդեն մասնակցում  էր Ղարաբաղյան գործողություններին։ 1000 անգամ վիրավորվել է, պառկել է հիվանդանոցներում բուժվել է, նորից հետ է վերադարձել սահման»,- NEWS.am-ի հետ զրույցում հիշում է Ռիմա մայրիկը։

Հուզմունքը խեղդելով՝ Ռիմա մայրիկն ասում է, որ իր որդիներին բոլորը գիտեն, ինքը չէ, որ պետք է գովի նրանց․ «Մեծ տղաս 37 տարեկանը չլրացած զոհվեց Օմարի լեռներում, փոքրիս՝ Արարատի մարմինը ոնց  որ սետկա լինի ստացած վիրավորումներից։ Ով չգիտի, թե ինչեր են արել իմ տղաները։ Արարատս 19 տարեկան չկար, որ զենք էր մատակարարում Ղարաբաղ։ Նույնիսկ իմ ունեցած ոսկեղենը տարել ծախել են, զենք են գնել եւ տարել են Ղարաբաղ»։

Ռիմա Մայրիկը նեղվում է միայն նրանից, որ որդու՝ Արայիկ Խանդոյանի հաղթանակ խորհրդանշող հայտնի նկարը արցախյան ազատամարտից հանել են բոլոր թանգարաններից, միայն Շուշի քաղաքի պատմության թանգարանից չեն կարողացել հանել։

«Շուշիի թանգարանից էլ են ցանկացել հանել, սակայն  տնօրենը թույլ չի տվել, ասել է, որ ոչ մեկ իրավունք չունի այդ նկարը հանել։ Ասել է՝ Արայիկի նկարները թերթերից, գրքերից հանելով նրան հերոսական արարքները չեք կարող ջնջել, ով ուզում է լինի, այդ նկարը վերեւից չի իջնի»,-պատմում է Ռիմա մայրիկը։

Արայիկ Խանդոյանը «Սասնա ծռերին» եւ իր որդիներին ցանկացավ  ազատություն, եւ հավելեց, որ նրանք մեր հայրենքի պաշտպաններն են եղել եւ կմնան։