Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների դեմ քրեորեն հետապնդելի արարքներ կատարելուց հետո մինչ օրս որեւիցե մի անձ որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ:

Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այս անպատժելիության հետեւանքով՝ շարունակում են խոչընդոտել Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության աշխատանքները: Այսպես, թույլ չեն տալիս խմբակցության ծառայողական մեքենայի կայանումը քաղաքապետարանի ավտոկայանատեղիում, չեն մաքրում խմբակցության աշխատասենյակը, արգելում են լրագրողների աշխատանքը «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների հետ, քաղաքապետարանի կայքէջից հեռացնում են «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների ինքնակենսագրականները:

Այսօր այս ամենին գումարվել է եւս մեկը՝ քաղաքապետարանի համապատասխան բաժինը, որը պարտավոր է իրականացնել նամակների փոստային առաքումը, հրաժարվել է ընդունել եւ առաքել  «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված նամակները: Մինչդեռ Երեւանի ավագանու անդամների կողմից նամակներ եւ դիմումներ ուղարկելը Երեւանի քաղաքապետարանից հանդիսանում է յուրաքանչյուր խմբակցության աշխատանքի բնականոն մասը:

Սույն եւ վերոնշյալ փաստերը վկայությունն են ՀՀԿ-ի կողմից արհեստական եւ էժանագին խոչընդոտներ հարուցելու ապօրինի մոտեցման եւ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության բնականոն գործունեությունը նման կերպով խաթարելու պարզունակ ընկալման: