Air France-ի օդաչուների, բորտուղեկցորդների եւ ցամաքային անձնակազմների արհմիությունները ուրբաթ նախազգուշացրել են, որ պատրաստ են մոտ ապագայում նախորդ հինգշաբթի տեղի ունեցած գործադուլի նման նոր գործադուլ անցկացնել: Այս մասին հաղորդում է AFP-ն` հղում կատարելով ֆրանսիական խոշորագույն ավիաընկերության ղեկավարության հետ բանակցությունների ավարտից հետո արհմիությունների ներկայացուցիչների կողմից ստացված տվյալներին:

Նշվում է, որ մարտի 5-ին նախատեսվում է նիստ, որի ժամանակ կարող է նոր գործադուլ անելու որոշում կայացվել:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «Air France-ի ղեկավարությունը անտարբեր է մնացել աշխատակիցների ներկայացված օրինական պահանջներին»: Ընկերության արհմիությունները, ընկերության թռիչքային եւ ցամաքային տեխնիկական անձնակազմը պահանջում են աշխատավարձի բարձրացում 6 տոկոսով, իսկ ավիափոխադրողի ղեկավարությունը համաձայն է  աշխատավարձի ընդամենը 1 տոկոս բարձրացմանը, իսկ թռիչքային անձնակազմին անհատական վճարները 1.4 տոկոսով բարձրացնել:

Ավիաընկերության գլխավոր տնօրեն Ֆրանկ Թերներն արհմիությունների պահանջները համարում է «անհիմն եւ անիրատեսական»: Նա նշել է, որ աշխատավարձային հիմնադրամի նման ծախսերը Air France-ին 240 միլիոն եվրո կարժենան, հաղորդում է գործակալությունը: