Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան Վրաստանի փոխվարչապետի, ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ նշել, որ ջերմությամբ է հիշում անցած տարվա ամռանը Գիորգի Գախարիայի հետ Երեւանում ունեցած հանդիպումը մեկ այլ՝ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնում, երբ քննարկման թեման հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերություններն էին:

Նախագահ Սարգսյանը նաեւ առանձնակի ջերմությամբ է հիշել անցած տարեվերջին Վրաստան կատարած իր պաշտոնական այցը եւ հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության ու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի հետ: Այս համատեքստում Հանրապետության Նախագահը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարեւորել է հաճախակի փոխայցերը եւ հույս հայտնել, որ նախարար Գախարիայի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանի եւ Վրաստանի իրավապահ մարմինների միջեւ համագործակցության խորացմանը: Զրուցակիցները երկուստեք կարեւոր են համարել այդ ոլորտում փոխգործակցությունը եւ բարեկամ երկու երկրներում անվտանգության ու կայունության ապահովումը նաեւ տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում առաջընթաց ու ձեռքբերումներ արձանագրելու տեսանկյունից:

Գիորգի Գախարիան Հանրապետության Նախագահին ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի հետ ունեցած արդյունավետ հանդիպման ժամանակ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք, ըստ նրա, ներառում են նաեւ սահմանամերձ տարածաշրջանները, որտեղ նույնպես կան յուրահատուկ մարտահրավերներ: Նախարար Գախարիայի համոզմամբ, այդ մարտահրավերները միասնաբար ավելի հեշտ կլինի դիմագրավելը: