Ամմանում օրերս տեղի է ունեցել Միջին Արեւելքի քրիստոնյա-իսլամ գոյակցության խնդիրներին վերաբերող համագումար, որին մանսակցել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ համագումարը կազմակերպել էր Վիեննայի Աբդալլահ Բ. թագավորի միջկրոնական երկխոսության կենտրոնը։ Հիշյալ համագումարը 2017-ի դեկտեմբերի 15-16-ին նույն վայրում տեղի ունեցած համագումարի շարունակությունն էր։

Արդարեւ, առաջին համագումարով սկսված քրիստոնյա-իսլամ գործակցության մի շարք փաստաթղթեր իրենց վերջնական ձեւը ստացան։ Դրանք առնչվում էին քրիստոնյա եւ իսլամ հոգեւոր պետերի միջեւ խորհրդակցություն զարգացնելու, շրջանը դիմագրավող տագնապների գծով հավաքական մոտեցումներ ճշտելու եւ քրիստոնյա-իսլամ գոյակցությունը ամրապնդելու։ Պատրաստված փաստաթղթերը որպես խորհրդակցության նյութ կծառայեն առաջիկա շաբաթ Վիեննայում տեղի ունենալիք քրիստոնյա ու իսլամ հոգեւոր պետերի հանդիպման։

Ամմանի երկրորդ համագումարում եւս հանուն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության իր մասնակցությունն է բերել լիբանանյան համալսարաններում իսլամական փիլիսոփայության դասախոս եւ Կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների հանձնախմբի անդամ դոկտոր Ժան Սալմանյանը։