Ռուսաստանի շինարարության նախարարության եւ Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի միջեւ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ստորագրվել է շինարարության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր:

Փաստաթուղթն ստորագրել են Ռուսաստանի շինարարության փոխնախարար Խամիտ Մավլիարովը եւ ՀՀ քաղաքաշինության պետակա կոմիտեի փոխնախագահ Արմեն Ղուլարյանը:

Քաղաքաշինության պետական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018-2019թթ. նախատեսվող երկկողմ համագործակցության շրջանակում, որը նախապես հավանության էր արժանացել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի եւ Ռուսաստանի Դաշնության շինարարության եւ բնակարանային կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենի կողմից, կողմերը տեղեկատվության եւ փորձի փոխանակում կիրականացնեն շինարարության ոլորտի տեխնիկական կարգավորման, շինարարության բնագավառի նորմերի եւ պահանջների մշակման, նախագծման եւ շահագործման հարցերի, ինչպես նաեւ հողօգտագործման համակարգերի եւ տարածքների ֆունկցիոնալ գոտիավորման շուրջ:

Բացի այդ, նախատեսվում է որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում շինարարության նոր եղանակների եւ բնակարանային տնտեսության բնագավառի մասնագետների համար, համաժողովների եւ խորհրդաժողովների կազմակերպում եւ անցկացում Ռուսաստանի եւ Հայաստանի տարածքներում:

Ուշագրավ էր աշխատանքային այցի շրջանակում ռուսական կողմի կազմակերպած շինարարական էքսկուրսիոն ծրագիրը՝ Малоэтажная страна (Ցածրահարկ երկիր) ցածրահարկ տների ցուցահանդեսը, ուր ներկայացվել են նոր տեխնոլոգիաներով եւ հիմնականում տեղական շինարարական նյութերի կիարառմամբ կառուցված ցածրահարկ տների տիպեր: Արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել մի շարք շինարարական կազմակերպությունների եւ շինարարական նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: Համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք կազմակերպությունների հետ, որոնք արդեն ունեն հայաստանյան փորձ, ինչպիսին է ՏԱՄԱԿ կազմակերպությունը, որն անմիջական մասնակցություն է ունեցել 1988 թվականի երկրաշարժից ավերված Սպիտակ քաղաքի վերականգնման աշխատանքներին: