Լեհ լրագրող եւ քաղաքագետ Տոմաշ Մացեյչուկը ձերբակալվել է մերձմոսկովյան Միտիշի քաղաքում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով աղբյուրն իրավապահ մարմիններում: Տեղեկացվում է, որ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի շրջանակներում (ատելության կամ թշնամանքի հրահրում, ինչպես նաեւ մարդու արժանապատվության նվաստացում) լրագրողի բնակարանում խուզարկություն է ընթանում, ստուգվում է նաեւ նրա՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու օրինականության հանգամանքը։

Տոմաս Մացեյչուկը հեռուստադիտողներին հայտնի է ռուսական հեռուստաալիքներից՝ որպես «Առաջին ստուդիա», «Ժամանակը ցույց կտա», «Հանդիպման վայրը» հասարակական-քաղաքական շոուների մասնակից, որոնց ընթացքում նա հաճախ կոնֆլիկտների մեջ էր մտնում այլ մասնակիցների հետ։ Առավել հայտնի է PolitRussia-ի գլխավոր խմբագիր Ռուսլան Օստաշկոյի հետ վեճը, որը ծեծկռտուքի էր վերածվել: Ընդդիմախոսները համաձայնել էին լուծել կոնֆլիկտը ռինգի վրա՝ բռնցքամարտի կանոնների համաձայն: Մենամարտը տեղի ունեցավ փետրվարի 22-ին Մոսկվայում: Դատավորների որոշմամբ՝ հաղթող էր ճանաչվել Ռուսլան Օստաշկոն: