ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Brussels Airlines ընկերության փոխնախագահ Հերման Կարպենտիեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Բելգիայի միջեւ զբոսաշրջության խթանման հեռանկարները։ Այդ համատեքստում Brussels Airlines ընկերության ներկայացուցիչները նախարար Սուրեն Կարայանի հետ քննարկել են այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Բրյուսել-Երեւան չվերթների գործարկման պարագայում։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է, թե ինչ մարքեթինգային համատեղ միջոցառումներ կարող են իրականացվել թե՛ Բելգիայից եւ թե՛ հարեւան երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերն ավելացնելու նպատակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու զբոսաշրջային ծրագրի մշակման ուղղությամբ համագործակցությունը։