Նյու Յորքի իշխանությունները 3 մուսուլման կանանց 180 հազար դոլար կվճարեն, որոնց ոստիկանները ստիպել են հիջաբը հանել, հայտնում է New York Dialy News-ը:

Միջադեպերից մեկը տեղի է ունեցել դեռեւս 2012 թվականին: Այդ ժամանակ մուսուլման աղջիկը դպրոցում ծեծկռտուք էր սարքել 2 աշակերտուհիների հետ՝ ենթադրելով, որ նրանք իր մասին լուրեր են տարածում: Արդյունքում ոստիկանությունը ձերբակալել էր ծեծկռտուքի բոլոր մասնակիցներին:

Իրավապահները գործ չէին հարուցել, սակայն լուսանկարել էին ձերբակալված աղջիկներին: Այդ նպատակով նրանք պահանջել էին, որ մուսուլման աղջիկը հիջաբը հանի: Արդյունքում նա ոստիկանությանը դատի էր տվել կրոնական իրավունքների եւ ազատությունների խախտման համար:

Աղջկա փաստաբանն էր Տահանի Աբուշին, որն ավելի ուշ համանման գործեր է պաշտպանել 2015 եւ 2016 թվականներին: Արդյունքում նրա երեք պաշտպանյալները կարողացել են հասնել յուրաքանչյուրին 60 հազար դոլար փոխհատուցման վճարման: