ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ՌԴ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովի հարցազրույցը՝ NEWS.am գործակալությանը:

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը քննադատել է «փոքր փաթեթների» գաղափարը, ընդ որում՝ վկայակոչելով Ձեզ: Ի՞նչ է իրականում ենթադրում այս գաղափարը, եւ որքանո՞վ են ճիշտ Զուլֆուգարովի պնդումները:

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերլուծությունները զարմացնում են կամ հիշողության մեջ բացթողումներով, կամ միտումնավոր դիտավորությամբ: Հասկանալի չէ, թե որտեղից է նա վերցրել, որ Մինսկի խմբի ներկայիս համանախագահները սկսել են հակամարտությունների կողմերի միջեւ պայմանավորվածությունների «փոքր փաթեթներ» փնտրել: Եթե ​​այդպես լիներ, ապա դժվար թե դա վնասեր արդեն երկար ժամանակ ձգձգվող կարգավորմանը: Կշռադատված փոխանակումները, համաչափ փոխադարձ զիջումներն օգտակար կլինեին գործին թեկուզ միայն նրանով, որ կնպաստեին կողմերի ավելի կառուցողական մոտեցմանը վիճարկելի հարցերին: Իսկ Զուլֆուգարովի՝ 1990-ականների սկզբին կարգավորման վերաբերյալ դատողություններն առնվազն սխալ են: Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցության (ԵԱՀԽ) անդամ երկների արտգործնախարարների՝ 1992 թվականի մարտի 24-ի որոշումը դժվար է Մինսկի համաժողովի մանդատ համարել, որն այդպես էլ տեղի չունեցավ (որից եւ ինքնաբերաբար ստեղծվեց Մինսկի խումբը): Այս առումով դրանում սահմանվում է միայն մասնակիցների շրջանակը եւ միայն ամենաընդհանուր բարի ցանկություններ են հնչեցվում: Մինսկի խմբի մանդատը մշակելու Ռուսաստանի առաջարկները նախ ձախողվեցին Արեւմուտքի կողմից, իսկ 1995 թվականի մարտի 1-ին, այնուամենայնիվ, ընդունվեցին, սակայն՝ անսովոր ձեւով՝ որպես Մինսկի խորհրդակցության (ոչ թե խմբի) համանախագահների մանդատ: Այնտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասին խոսք անգամ չկա: Դրան ամենամոտ միտքն անմիջական շփումներին նպաստելն է, այդ թվում նաեւ՝ հակամարտության կողմերի միջեւ կարեւոր հարցերի շուրջ բանակցություններին: Այդպես, այս փաստաթղթում Մինսկի խորհրդակցության կողմից ԼՂ ապագա կարգավիճակի որոշման կարգի վերաբերյալ ոչինչ չկա՝ կողմերի միջեւ բանակցություններից բացի: Զուլֆուգարովը միայն խոչընդոտներ է ստեղծում հանրաքվեի բնական անցկացման համար։ Եւ կողմերի միջեւ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի քննարկման համար որեւէ խոչընդոտ, որեւէ կապ բուն խորհրդակցության հետ չկա, որը հայտնի չէ, թե երբ տեղի կունենա կամ տեղի կունենա՞ արդյոք: Չարժե անգամ անդրադառնալ Պրիմակովի կողմից ղարաբաղյան գործերից ինձ հեռացնելու վերաբերյալ Զուլֆուգարովի անհեթեթություններին, քանի որ հազիվ եմ այն ժամանակ համոզել իմ նախարարին նոր նշանակման համար, քանի որ արդեն պարզ էր, որ Ղարաբաղի հարցում արագ արդյունքներ չեն լինի:

Օրերս ԶԼՄ-ներում հայտնվել է «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցը, որը հրապարակվել է Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի կողմից: Ղարաբաղին նվիրված մասում նշվում է, որ «կողմերի մոտ փոխզիջումների գնալու ցանկության բացակայությունը, կողմնակի ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը եւ 2018 թվականին Հայաստանի կողմից ռուսական նոր զենքի ձեռք բերումը լայնածավալ ռազմական գործողությունների կարող են հանգեցնել»: Ձեր կարծիքով՝  արդյո՞ք այս հայտարարությունը յուրատեսակ  նախազգուշացում է: 

Ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն է, որ ՄԽ-ի երեք համանախագահները համեմատաբար ավելի համակարգված են աշխատում՝ լավ օրինակ են ծառայելով նրանց համար, ովքեր ռուսատյացության գիրկն են ընկել: Այն, որ Բաքվի էլիտան շահագրգռված է պահպանել լարվածությունը Ղարաբաղի շուրջ՝ հայրենասիրության ցուցադրելով եւ նույնիսկ ուժերի փորձարկմամբ, ինչպես 2016 թվականի ապրիլին սպառազինությունների մրցավազքի ժամանակ էր, վաղուց արդեն գաղտնիք չէ: Ի զորու է արդյոք պաշտոնական Բաքում հանդգնել լայնամասշտաբ պատերազմ սկսել, դեռ այդքան էլ պարզ չէ, սակայն ամենայն հավանականությամբ դա ծանր մտորումներ կպահանջեր անգամ արկածախնդիրների դեպքում: Նրանք ստիպված կլինեն հաշվարկել ոչ միայն ուժերի իրական հարաբերակցությունը, այլ՝ շատ ավելին: Պարզ է, որ միջազգային իրավիճակը հազիվ թե նպաստավոր է նման արկածախնդրության համար: Նրանք ստիպված կլինեն հաշվարկել, թե ինչպիսին կլինի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի արձագանքը: Իսկ Իլհամ Ալիեւի վերջին նախընտրական հայտարարությունները Երեւանի վերաբերյալ դժվար թե համակրանք ենք ավելացրել Ադրբեջանի հանդեպ արտասահմանում: Ավելին՝ բավականին անհարմար հարցեր են ծագում, սակայն ես դրանք չեմ բարձրաձայնի:

Վերջին շրջանում ակտիվացել են ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի անձնական թիմի ընդլայնման քննարկումները: Ճիշտ է, Բաքվի կողմից դեռ հստակ պատասխան չկա: Ձեր կարծիքով, արդյո՞ք թիմի ընդլայնումն առանց հետաքննության մեխանիզմի ներդրման շոշափելի արդյունք կտա:

Կասպրշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ իմ կարծիքն այդքան էլ միանշանակ չէ: Դժվար թե արժե դրան  խանգարել: Ավելի վատ լինել չի կարող: Իսկ արդյո՞ք դա շոշափելի ազդեցություն կունենա իրավիճակի վրա՝ հարցականի տակ է: Վստահության միջոցառումների, միջադեպերի հետաքննման, դիպուկահարների վերաբերյալ մյուս առաջարկները կարող էին ավելի արդյունավետ լինել, սակայն բոլորն են հիշում, թե որ կողմն է խույս տալիս դրանցից: