Weinstein Company կինոընկերության հիմնադիրներ Հարվի եւ Ռոբերտ Վայնշթեյնները կարողացել են ներդրողների հետ համաձայնության հասնել ընկերության ակտիվների հիմնական մասը 500 մլն դոլարով վաճառելու հարցում, հայտնում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ ներդրողների խումբը, որի մեջ են մտնում նաեւ ձեռներեցներ Ռոնալդ Բերքլը եւ Մարիա Կոնտրերաս-Սլադը, կփակի կինոընկերության 225 մլն դոլարի պարտքերը, նաեւ պարտավորվում է մոտ 275 մլն դոլար ներդնել նոր նախագծերի թողարկման համար:

Պարբերականը նշում է, որ ընկերության համար սա կնշանակի սնանկացումից խուսափում, ինչպես նաեւ թույլ կտա Հարվի Վայնշթեյնին ներկայացված հայցերի կարգավորում սկսել, ում մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ: Դրանից մի քանի օր առաջ՝ այն բանից հետո, երբ ներդրողների հետ բանակցությունները փակուղի էին մտել, ընկերության սեփականատերերը խոսում էին, որ ստիպված կլինեն սնանկության մասին հայտարարել:

Ընկերությունը վաճառելու որոշումն ընդունվել էր The New York Times-ում հրապարակված հոդվածի հետեւանքով բռնկված սկանդալից հետո: Հոդվածում նշվում էր, որ 30 տարի շարունակ ընկերությունների աշխատակիցները, որտեղ Վայնշթեյնն աշխատել է, նրա կողմից սեռական ոտնձգության են ենթարկվել: Պրոդյուսերի դեմ մեղադրանքներով հանդես էին եկել 80-ից ավելի կանայք, այդ թվում դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն եւ Սալմա Հայեքը: Հարվի Վայնշթեյնը հեռացել էր Weinstein Company-ի ղեկավար պաշտոններից, որը նա 2005 թվականին հիմնադրել էր եղբոր՝ Բոբի հետ: