Երեւան-Գյումրի-Երեւան նոր արագընթաց չվերթը նախատեսված է զբոսաշրջիկների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը:

Նրա խոսքով՝ այս չվերթը հարմար է զբոսաշրջային խմբերի սպասարկման համար, որոնք ցանկանում են առավոտյան այցելել Գյումրի, տեսնել քաղաքի տեսարժան վայրերը եւ երեկոյան վերադառնալ մայրաքաղաք:

 «Չվերթը բացվել է հաշվի առնելով այն, որ Գյումրին պաըտրաստվում է զբոսաշրջային քաղաք դառնալեւ հարկավոր է հարմարավետ երթուղիներ գործարկել»,-ասել է Վարդան Ալոյանը:

Նոր էլեկտրագնացքը ամեն շաբաթ կաշխատի ուրբաթ, շաբաթ, եւ կիրակի օրերին արագընթաց գնացքի ձեւաչափով, քանի որ շաբաթվա այս օրերին ամենամեծ ուղեւորահոսքն է լինում:

«Ապագայում նախատեսվում է այս ձեւաչափով նոր շարժակազմ ձեռք բերել», - ասել է մամուլի քարտուղարը:

 

Հիշեցնենք փետրվարի 27-ին Երևանի երկաթուղային կայարանից առաջին թեստային չվերթը կատարեց Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքը: Էլեկտրագնացքը գնվել է վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից:

Մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:
 

Մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2,5 հազար դրամ:

Երևան-Գյումրի-Երևան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվում են հին շարժակազմով՝ 1000 դրամ տոմսի արժեքով: