Շվեդիայի ճանապարհներին ուղեւորատար էլեկտրական ավտոբուսներ են հայտնվել: Այս մասին հայտնում է Volkswagen ընկերությունների խմբի մեջ մտնող Scania շվեդական արտադրողը:

Engadget-ը գրում է, որ խոսքն ամբողջությամբ էլեկտրական Citywide Low Floor ավտոբուսների մասին է:

 Էլեկտրական ավտոբուսները լիցքավորվում են  ակումուլյատորային մարտկոցներով: Մարտկոցները կարելի է լիցքավորել  հատուկ կայարաններում, որոնք արդեն տեղադրվել են Ստոկհոլմում եւ այլ քաղաքներում:

Օրվա ընթացքում ավտոբուսները 100 չվերթ կիրականացնեն: Առավելագույն արագությունը, որը նրանք կարող են զարգացնել 70 կմ/ժ է: Էլեկտրական ավտոբուսի լիցքավորումը հինգ անգամ ավելի էժան է, քան դիզելային ավտոբուսների լիցքավորումը: Էլեկտրական ավտոբուսներ արտադրող շվեդական ընկերությունները չեն բացառում միջազգային շուկա մուտք գործելու հնարավորությունը:

Առաջին փուլում նախատեսվում է արտադրել 24 ուղեւորատար ավտոբուս: Ենթադրվում է, որ հինգ տարվա ընթացքում հիմնական երթուղիների բոլոր ավտոբուսները կփոխարինվեն էլեկտրական ավտոբուսներով: Իշխանությունները նպատակ ունեն 2020-ին ավտոբուսների պարկի 80 տոկոսը «ոչ ածխածնային» ռեժիմի փոխանցել: Եթե Շվեդիային դա հաջողվի, ապա երկիրը կդառնա Եվրոպայի «ամենաէկոլոգիական» պետություններից մեկը: