Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղեւորվել Երեւանի երկաթուղային կայարանից՝ Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին եւ ողջունել այն Հայաստանում շահագործելու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի որոշումը:

Էլեկտրագնացքը ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից:

Կարեն Կարապետյանին տեղեկացվել է, որ մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթեւեկության տեւողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:

Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվում են հին շարժակազմով:

Մարտի 4-ին եւ 8-ին եւ 11-ին գնացքն աշխատելու է անվճար: Դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2,5 հազար դրամ:

ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղեւորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին: