Վոլտերման «խելացի» դրամապանակի հեղինակները նախատեսում էին դեռ 2017-ի դեկտեմբերին ավարտել արտադրությունը եւ սկսել «բեքերներին» նրանց պատվիրած դրամապանակները ուղարկել: Մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով արտադրության գործընթացը հետաձգվեց, բայց արդեն մարտին կամ ապրիլին բոլոր մարդիկ, ովքեր աջակցել են Volterman նախագծին, կարող են ստանալ իրենց դրամապանակները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Global AM  հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Պողոսյանը, ով զբաղվել է այս նախագծի առաջխաղացմամբ:

Նրա խոսքով, փորձը ցույց է տալիս, որ հաջողված ծրագրերի միայն 60 տոկոսը, որոնք ֆինանսավորվել են քրաուդֆանդինգի միջոցով, ինչ-որ մի օր արտադրում եւ առաքում են իրենց ապրանքները:

Եվ միայն նրանցից 10 տոկոսն այդ անում է խոստացված ժամկետներում, ուստի նորմալ է, որ Volterman-ը մի փոքր ուշացնում է:

Գեւորգ Պողոսյանի խոսքով՝ Volterman-ի թիմը արտադրության մեծ փորձ չունի, բայց օր ու գիշեր աշխատում է եւ պարբերաբար նախագծի էջում գրում  թե ինչպես է աշխատանքն ընթանում, եւ ինչ է կատարվել վերջին շաբաթների ընթացքում:

Հիշեցնենք, որ բազմաֆունկցիոնալ դրամապանակի ստեղծման համար, որը հնարավոր չէ կորցնել եւ որը նաեւ  WiFi ռոուտեր է ծառայելու եւ լիցքավորող սարք, պահանջվել է 45 հազար դոլար:

Սակայն ընդամենը մեկ ամսում Volterman-ը Indiegogo քրաուդֆանդինգի հարթակում ավելի քան մեկ մլն դոլար հավաքեց:

Կես տարվա ընթացքում նախագիծը հավաքել է արդեն 1.9 մլն: Հետաքրքիրն այն է, որ ներդրումների միայն 3.7 տոկոսն է կատարվել Հայաստանից, մնացածը՝ այլ երկրներից, այդ թվում Ադրբեջանից:

«Խելացի» դրամապանակի որոշ բաղադրիչները արտադրվում են Չինաստանում՝ հայ մասնագետների հսկողության ներքո:

Իսկ դրամապանակն արտադրվում է Հայաստանում եւ դրա վրա աշխատող թիմը բաղկացած է միայն հայերից:

Հենց այդ պատճառով Volterman-ը միջազգային շուկա դուրս կգա Made in Armenia մակնշմամբ, ընդգծել է Գեւորգ Պողոսյանը: