Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղիղ երկխոսությունը որոշիչ դեր կխաղա Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Կորեայի հանրապետության արտաքին գործերի նախարար Կան Հյոն Հվան Սեուլում ընթացող համաժողովի շրջանակներում օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։  

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուղիղ բանակցություններ սկսել Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ․«Ավելին, Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները պետք է զուգահեռ փոխլրացնող երկխոսություն վարեն Հյուսիսային Կորեայի հետ»,-շեշտել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ միայն դա կօգնի հասնել Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի դիվանագիտական կարգավորմանը։ Նա նաեւ նշել է, որ Սեուլը շարւնակելու է դիվանագիտական ջանքերն ապամիջուկայնացման համար ճանապարհ բացելու ուղղությամբ։  

Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը «Հարավային Կորեայի ամենամտերիմ դաշնակիցն է» եւ Սեուլը կշարունակի խորհրդակցությունները Վաշինգթոնի, ինչպես նաեւ տարածաշրջանային մյուս գործընկերների հետ՝ այս հարցը «հիմնովին լուծելու» համար:

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն մարտի 3-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի միայն հավասար պայմաններով եւ առանց նախապայմանների, որի շուրջ պնդում է Վաշինգթոնը։ Մասնավորապես ԱՄՆ պաշտոնակսն ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության միակ պայմանը Փհենյանի կողմից իր միջուկային ծրագրից հրաժարվելու պատրաստակամության ցուցադրումն է։