Հետախուզման մեջ գտնվող ՀՀ-ում հայտնաբերված ԱՄՆ քաղաքացին հանձնվել է Միացյալ Նահանգներին: Հայաստայի ԱՄՆ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը համագործակցել  են ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձին հանձնելու հարցում:

ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձի արագ հայտնաբերումը, ձերբակալումն ու հանձնումը հնարավոր եղավ ապահովել ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ԱՄՆ իրավասու մարմինների սերտ համագործակցության արդյունքում:

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս Կրտսերը հանդես են եկել հայտարարությամբ:

«Ինտերպոլի» ուղիներով հետախուզվող ԱՄՆ քաղաքացին ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2017թ. դեկտեմբերին՝ Երեւանում։ Մեկ տարի առաջ այդ անձին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ երեք դրվագով սեռական բնույթի արարք կատարելու  համար։

Նախքան դատական քննությունը գտնվելով ազատության մեջ հսկողության ներքո՝ տվյալ անձը փախուստի է դիմել՝ ԱՄՆ-ից գալով ՀՀ, ինչի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Վաշինգտոնում եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Դիվանագիտական անվտանգության ծառայության գործակալների եւ ՀՀ իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում վերջինների կողմից հետախուզվողն արագ հայտնաբերվել ու ձերբակալվել է: ՀՀ գլխավոր դատախազությունը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, ԱՄՆ մարշալի ծառայության միջազգային քննության մասնաճյուղը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սերտորեն համագործակցել են հանձնման գործընթացում։

«Միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք հաճախ լուրջ սպառնալիք են ներկայացնում հանրության անվտանգությանը». – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս Կրտսերը՝ հավելելով. «Մենք գնահատում ենք ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների  հետ սերտ համագործակցությունը՝ անձին այդքան արագ հայտնաբերելու, ձերբակալելու եւ հանձնելու ուղղությամբ ցուցաբերված աջակցության հարցում»։

Իր հերթին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ «Բարձր ենք գնահատում ԱՄՆ իրավասու մարմինների հետ արդեն տասնամյակների պատմություն ունեցող մեր համագործակցությունը եւ դրա ապահովման գործում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության  գործուն աջակցությունը»: Նա նաեւ հավելել է, որ  «Համագործակցության այս օրինակը վառ ապացույցն է նրա, որ ժամանակն ու տարածությունը խոչընդոտ չեն կատարած հանցանքի համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի կենսագործման համար եւ հանցանք կատարած յուրաքանչյուր ոք վաղ թե ուշ, որտեղ էլ  գտնվի, առերեսվելու է արդարադատությանը»:

Հետախուզվողը կկանգնի ԱՄՆ դատարանի առջեւ։