Վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցով Հանրապետական կուսակցությունում քննարկումներ չեն անցկացվել։ Այս մասին մարտի 5-ին Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա նշել է, որ երբ քննարկումներ անցկացվեն, պարզ կդառնա իրենց կողմից առաջադրվող թեկնածուի անունը․ «Քաղաքականաությունը ոչ միանշանակ երեւույթ է։ Ամեն օր ինչ-որ բան փոխվում է։ Սակայն ցանկություններին, հավակնություններին պետք չէ տուրք տալ»,-հավելել է նա։

Միաժամանակ, նա չի համաձայնել այն մտքի հետ, որ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, կխախտի ավելի վաղ տրված իր խոստումը, թե այլեւս չի առաջադրվի երկրի ղեկավարի պաշտնում։ Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը հավաստիացրել է, որ Սերժ Սարգսյանն ինքնուրույն չի կարող որոշում ընդունել, դա պետք է անի ամբողջ քաղաքական թիմը։

«Որպես քաղաքական գործիչ՝ նա կարող է ցանկացած հայտարարություն անել, բայց պետք է հաշվի նստի իշխող հանրապետական կուսակցության մեծամասնության կարծիքի հետ։ Եթե լինեն թեկնածուներ, որոնք կհրաժարվեն այդ պաշտոնում առաջադրվելուց եւ կհիմնավորեն դա ինչպես պետք է, մենք կքննարկենք այդ հարցը»,-շեշտել է Վահրամ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ բոլորն անվերապահորեն պետք է ենթարկվեն կուսակցական որոշումներին, նրանց թվում նաեւ Սերժ Սարգսյանը։